Կարմիր կարկուտ … որովհետեւ այն երբեք չի ավարտվում
ժամանակակից բեմանկարչություն տեսաինստալյացիա
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական տեսաինստալյացիայի գաղափարային պատկերը ձեւավորվել է 1910թվականին Արեւմտյան Հայաստանում նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնի հեղինակած «Մեր փոքրիկ աղջիկներն իրենց տիկնիկների հետ» լուսանկարի եւ անրահայտ երաժիշտ Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում, նոր շունչ եւ գրավիչ թարմություն ստացած հայկական հոգեւոր երաժշտության գոհարի` «Նոր ծաղիկ» Հարության տաղի (12-րդ դարում Ներսես Շնորհալու հեղինակած հանդիսավոր օրհներգ) փոխազդեցության արդյունքում:
Ինստալյացիայի հիմնական միտումը մանկական անավարտ խաղի վերարտադրությունն է` լուսանկարում ամրագրված ժամանակը դարձնելով հավերժական… Ինստալյացիան արտացոլում է այն, ինչ մենք կցանկանայինք տեսնել իրականության մեջ՝ դառնալով երեխաների անխափան խաղի վկաները: Սա 1915 թվականին Օսմանյան կայսրության
կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների անավարտ խաղի շարունակությունն է:
Լուսանկարը, որպես ապրած զգացմունքի քարացած մեկ դրվագ, հուշ՝ պարփակված իր տարածության մեջ, երաժշտության հետ փոխակերպման պահից սկսած դադարում է լինել լուսանկար: «… Երեխաների խաղից ծնված եղանակը՝ սփռված տարածության մեջ: Տարածություն, որտեղ ժամանակը կանգ է առել, միայն հոսում է անսահման երաժշտությունը: Երաժշտություն, որ կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել մանկական խաղը: Իսկ խաղն այդ երբեք չի ավարտվի… Մանկական անավարտ խաղի հիշողությունը սառն է եւ քարացած՝ ինչպես կարկուտը եւ անփոփոխ՝ ինչպես երակներով հոսող արյան գույնը»:
2015 թ-ին «Կարմիր կարկուտ … որովհետեւ այն երբեք չի ավարտվում» տեսաինստալյացիան ցուցադրվեց Պրահայի Քվադրենալեում (PQ2015)՝ որպես ժամանակակից բեմանկարչական ինստալյացիա: Ապա ցուցադրվեց ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երկրորդ թատերական ֆորումում: 2017-ին տեսաինստալացիան ներկայացվեց ARTRAKER-ում` որպես Արտտրակ բիենալի մրցանակակիրների հաղթող:
Էյվա արվեստների հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ:
Տեսաինստալյացիայի ստեղծումը հնարավոր դարձավ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի ֆինանսավորմամբ:









