Թբիլիսիի բեմական դիզայնի երկրորդ բիենալե
Թաքնված երազանքներ
2018թ-ի հոկտեմբերին կայացավ, «Վալերիան Գունիա» երիտասարդ թատերական գործիչների միության եւ OISTAT-ի՝ Վրաստանի ազգային կենտրոնի կողմից կազմակերպած Թբիլիսիի բեմական դիզայնի երկրորդ բիենալեն, որի նմասնակցում էին ներկայացուցիչներ 7 երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Կանադայից և Հունգարիայից։
Բիենալեի գլխավոր նպատակը երիտասարդ բեմանկարիչների համար առաջխաղացման ու զարգացման հնարավորություն ստեղծելն էր։ Բիենալեի շրջանակներում տեղի ունեցավ նաև երիտասարդ բեմանկարիչների ու վիզուալ արտիստների տարածաշրջանային ֆորումը, որի ընթացքում քննարկվեցին ժամանակակից թատրոնի զարգացման տենդենցներն ու խնդիրները։ Կազմակերպվեցին վարպետության դասեր Պամելա Հովարդի (Միացյալ Թագավորություն), Յարոն Աբուլաֆայի (Նիդերլանդներ), Ռոմանա Յովանովիչի (Սերբիա) և այլ հրավիրված մասնագետների կողմից։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ Բիենալեին Հայաստանի մասնակցությունն ապահովեց «Սինոլաբ» արվեստների լաբորատորիան։ Հայաստանն այս անգամ ընտրել էր «Թաքնված երազանքներ» թեման, որի հիմքում Թատրոն 8-ի «Մնաց 7 օր» ներկայացումն էր։ Սա մեկ ընտանիքի պատմություն է, որը ներկայացնելիս աստիճանաբար բացվում են ենթագիտակցության խորը շերտերը՝ ամենաթաքուն երազանքները, վերափոխվելով հաղորդագրությունների, ստեղծում են երկխոսություն հասարակության և անհատների միջև՝ բարձրաձայնելով աղջիկների կրթության իրավունքի ոտնահարման և վաղաժամ ամուսնությունների մասին:





